Սյունիքի մարզում վրաերթից 9-ամյա երեխայի մահվան դեպքով ձերբակալվել է վարորդը, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա հավելել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում): Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Արթուր Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Սառնակունք բնակավայրի տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ Արամ Ա-ին:
Երեխան տեղում մահացել է: Ըստ կայքի՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում: