Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում տեղի ունեցավ ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի՝ «ՍԴ-ի գործով» դատական նիստը։ Հանրային մեղադրողը ներկայացրեց գործի հիմքում առկա ապացույցները։ Դատական նիստը հետաձգվեց անհայտ ժամկետով։
Ղազարյանն Armenia Today-ին հայտնեց, որ գործի հիմքում տարբեր ժամանակներում իր կողմից տարբեր լրատվամիջոցներում արված հայտարարությունների տեսանյութերն են։
«Դրանք ուսումնասիրելուց հետո պետք է համարվի՝ արդյոք ապացո՞ւյց է, թե՞ ոչ։ Ապացուցո՞ւմ է իմ մեղքը, թե՞ ոչ։ Դա դատարանը պետք է գնահատի»,- ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ դատական նիստը կնշանակվի կողմերին հարմար ժամանակ։
«Նիստի ժամկետները փաստաբան Ռուբեն Մելիքյանը կհրապարակի ավելի ուշ»,- նշեց նախկին պաշտոնյան։
Փետրվարի 21-ին Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորների մասին արատավորող տեղեկություններ հրապարակելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։ Ղազարյանի նկատմամբ բացակայելու արգելք էր սահմանվել։ Վարչական հսկողության ձևաչափը որոշելու վերաբերյալ փետրվարի 22-ին դատական նիստ էր հրավիրվել։
Փետրվարի 14-ին դատարանը Ղազարյանին պարտավորեցրել էր 1 միլիոն 150 հազար դրամ վճարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ներողություն խնդրել նրանից։ Սիմոնյանը զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջներ էր ներկայացրել դատարան։ Իր հերթին՝ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկայում վճիռը կբողոքարկի։