Պետությանը պատճառած 274 մլն դրամ վնասի չափով արգելանք է դրվել Քաղավիացիայի նախկին պետ Ա․Մ․-ի գույքի վրա, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ հրապարակման՝ նա 2013-2018թթ. իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ իրեն պատկանող ընկերության միջոցով ձեռք է բերել օդանավ և ընկերությանը վարձակալությամբ հանձնելով ապօրինի եկամուտ ստացել։
Ա․Մ․-ն մեկ թռիչքային ժամը 218 900 դրամով օդանավի վարձակալության պայմանագիր է կնքել ընկերության հետ, որի կողմից ներմուծվող օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել ուսումնական թռիչքների համար սահմանված ավիացիոն միջազգային չափանիշներին, տեխնիկական բնութագրին և չի ունեցել շահագործման վկայական:
Ֆ.Մ.-ն պատրաստել և օգտագործել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթուղթ, թե իբրև մեկ թռիչքային ժամի համար նշված վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին, հավելել են ՔԿ-ից։
Նրանք մեկ թռիչքային ժամի արժեքն արհեստականորեն բարձրացրել են, և ընկերության կողմից ընդամենը 86 210 827 դրամ արժեքով գնված օդանավի վարձակալությամբ՝ Ա.Մ.-ին պատկանող ընկերությանը բանկային փոխանցումների միջոցով վճարվել է 592 77 300 դրամ։ ՔԿ-ից տեղեկացրել են, որ նույն ժամաքանակով թռիչքներն ընկերության գնացուցակով կատարելու դեպքում առավելագույնը կարող էր կազմել 317 887 702 դրամ:
Փետրվարի 2-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ գործով մեղադրանք է ներկայացվել երեք անձի։