Մշակել ենք օրենսդրական նախաձեռնություն՝ անչափահասներին փականներով փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորման մասին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ օրենսդրությունից բխող արգելքը կնպաստի ողբերգական ելքերով միջադեպերի կանխարգելմանը։
«Շատացել են անչափահասների շրջանում ողբերգական ելքերով միջադեպերը, որոնց ընթացքում հանցագործության գործիքը սառը զենքն է։ Պլանավորել ենք դպրոցներում ստուգայցեր անցկացնել։ Համայնքային տեսուչները պարբերաբար դպրոցներում այցելություններ են կատարում, իրականացվում է արգելված առարկաների հայտնաբերման գործընթաց»,- ասել է նախարարը։
Սարգսյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթը հնարավորություն կտա սահմանել արգելված իրերի ու առարկաների ցանկը, որով հետագայում զննության ու խուզարկության ժամանակ պետք է առաջնորդվել։
ՆԳՆ-ն նախատեսում է օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ դնել մինչև ամառային արձակուրդները։