Երևանի քաղաքապետարանի երեք պաշտոնյայի և նրանց օժանդակած նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Գործը վերաբերվում է ապօրինի գործողություն կատարելու, օրենքով հասանելիք բարենպաստ վարչական ակտ կայացնելու նպատակով քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների օժանդակությամբ ստացած ընդհանուր 2,5 միլիոն դրամ կաշառքին, լիազորությունների չարաշահմանը։
Ըստ հայտարարության՝ կառուցապատող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանի քաղաքապետարանի երկու նախկին պաշտոնյաների հետ, համապատասխան վարչության պետի տեղակալին և ծառայության պետին կաշառքի գումարը փոխանցելու եղանակով կազմակերպել են գործընթացը:
Բազմաբնակարան շենքի էլեկտրականությունն ապահովելու նպատակով շինարարություն սկսելու թույլտվության վերաբերյալ կառուցապատող ընկերության կողմից 3 անգամ ներկայացված հայտերն ապօրինի մերժվել են քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի կողմից, որի հետևանքով կառուցապատողն ստիպված դիմել է հակաօրինական գործողությունների, ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ օրենքով հասանելիք շինթույլտվությունն ստանալու նպատակով քաղաքապետարանի ծառայության պետին տրվել է խոշոր չափերի կաշառք: Այնուհետև կաշառք ստացած պաշտոնատար անձը միջնորդել է հայտերը նախկինում մերժած վարչության պետին, որպեսզի վերջինս բավարարի կառուցապատող ընկերության կողմից ներկայացված հայտը, որի արդյունքում՝ կառուցապատող ընկերության կողմից 4-րդ անգամ ներկայացված հայտի վերաբերյալ տրվել է գրավոր համաձայնություն։
Մեղադրանք է ներկայացվել 12 անձի: Նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: