Քննարկում ենք ատելության խոսքի դրսևորումների հետ կապված վարչական պատասխանատվության սահմանման հնարավորությունը, Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա շեշտել է, որ ատելության խոսքի տարբեր դրսևորումները պետք է լինեն պատժելի։
Գալյանը նաև նշել է, որ ՀՀ-ում չկա ատելության խոսքի սահմանում, սակայն սահմանելու պայմաններում մտավախություն կա, որ որոշ դեպքեր դուրս կմնան այդ շրջանակից։
«Պետք է ընդունենք ռազմավարություն, որը չի վերաբերում միայն ատելության խոսքին, մի քիչ ավելի լայն կլինի, կվերաբերի խտրականության արգելքին, իրավահավասարությանը, որը կներառի նաև ատելության խոսքի դեմ պայքարը»,- ասել է նախարարը։
Ապրիլի 14-ին Արցախից բռնի տեղահանվածներն ակցիա էին իրականացրել դատախազության դիմաց՝ գերատեսչությանը կոչ անելով հետաքննել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից ներազգային ատելության հրահրման դեպքերը: Նրանք խնդրի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էին փոխանցել դատախազություն։
Ապրիլի 25-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ դատախազությունն իր աշխատանքային ծրագրում կներառի արցախցիների նկատմամբ խտրականություն և ատելության խոսք դրսևորելու հարցը։