Հանցավոր կազմակերպության ներկայացուցիչները ներդրումային խարդախությունների զոհերից ավելի քան 101,000 դոլար են հափշտակել, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ ՔԿ-ի՝ մի խումբ անձինք 2023 թվականի դեկտեմբերից 2024-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Դ.Ս.-ի և Տ.Դ.-ի կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը:
«Հանցավոր կազմակերպության անդամները, ձեռք բերելով ներդրումային խարդախություններից տուժած անձանց տվյալները, ստեղծել են զանգերի կենտրոն, աշխատանքի ընդունված անձանց միջև կատարել դերաբաշխում, զանգահարել ցուցակում ընդգրկված տուժած անձանց և ներկայանալով իբրև միջազգային կազմակերպության ներկայացուցիչ՝ համոզել են վերջիններիս, թե ունեն հնարավորություն վերականգնելու պատճառված վնասը և ապահովելու հափշտակված միջոցների ստացումը՝ համոզելով գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող տարբեր կրիպտոդրամապանակների հաշիվներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արդյունքում՝ հանցավոր կազմակերպության անդամների կողմից կառավարվող այլ կրիպտոդրամապանակներին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 16 մլն 94 հզր 945 դրամ գումար:
Նշվում է նաև, որ նախորդ ապրիլից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով շուրջ 61 անձից հափշտակելով առնվազն 1000-ական դոլար՝ կատարել են առնվազն 23 մլն 613 հզր 710 դրամ գումարի չափով համակարգչային հափշտակություն:
Դ.Ս.-ի, Տ.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը, առավելագույն պատիժը՝ 18 տարվա ազատազրկում) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում), մեկ անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը), չորս անձի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Հինգ մարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը: