ԱԺ պատգամավորին (Հովիկ Աղազարյանին-խմբ ) ապօրինի վարձատրելու գործն ուղարկվել է դատարան, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար երկու անձի մեղադրանքներ է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի վարձատրություն տալը, առավելագույն պատիժը՝ 4 տարվա ազատազրկում)։
Ըստ հաղորդագրության՝ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել պատգամավորին:
«Ա.Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200 000-300 000 դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՀԿԿ-ի՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացն սկսելու համար պահանջել է 200 000 դոլար, որից 100 000 դոլարն սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:
Կոմիտեից հավելել են, որ 2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20 000 դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20 000 դոլար գումար ստանալուց:
Մարտի 12-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Մարտի 27-ին ԱԺ-ն անձեռնմխելիությունից զրկել էր նրան։ Մարտի 28-ին Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։
Կարդացեք նաև՝ Կան ուժեր, որոնց հետ համագործակցում ենք, դրա դրսևորումը կերևա առաջիկա 3-4 օրերին․ Աղազարյան