Դատաանը Սամվել Վարդանյանի և ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճի գործով Վարդանյանին ատելության հոդվածով արդարացրել, իսկ խուլիգանության հոդվածով մեղավոր է ճանաչել, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դա նշանակում է, որ Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ չի կարող նշանակվել։ Այդ փաստը համարում եմ իրավունքի հաղթանակ, քանի որ առնվազն այս փուլում վերացավ խոշտանգման ենթարկված անձի բանտարկման վտանգը»,- գրել է Մելիքյանը։
Իրավապաշտպանը տեղեկացրել է, որ խուլիգանության մասով վերաքննիչ բողոք են ներկայացնելու։
2024-ի ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վարդանյանը հասարակական տրանսպորտում Ասլանյանին «հակահայ վիժվածք» էր անվանել և հայտարարել, որ իշխանությունները «հանձնում են հայրենիքը»։ Սիմոնյանը միջադեպը «խուլիգանական արարք» էր որակել։ Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին։
Քննչական կոմիտեն ապրիլի 16-ին խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ էր հարուցել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ավելի ուշ մանրամասներ էր հայտնել ձերբակալությունից հետո Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու մասին: Մայիսի 18-ին Վարդանյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք՝ 7 մլն դրամ գրավով համակցմամբ։ Հուլիսի 25-ին Վարդանյանի տնային կալանքը դատարանը փոխարինել էր վարչական հսկողությամբ։