Գլխավոր դատախազությունը պահանջում է Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ։
Գերատեսչությունից նշում են, որ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նման պահանջ է ներկայացրել դատարանին։ Պահանջվում է Ղուկասյանի իրավահաջորդից և փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ բռնագանձել՝ 7 անշարժ գույք Երևանում և Գեղարքունիքի մարզում, 1 անշարժ գույքի շուկայական արժեք, 1 իրավաբանական անձում մասնակցություն։
Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև 10 միլիոն 858 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 36 միլիոն 808 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: