Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը պատասխանել է Բաքվում պահվող հայ գերիների հարցով մարտի 14-ին կազմակերպված բողոքի ակցիայի շրջանակներում գրասենյակ հանձնված նամակին, Facebook-ում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից պատասխան ենք ստացել առ այն, որ մեր մտահոգությունները և հաղորդագրությունը փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ, այդ թվում՝ Քաղաքական և խաղաղաշինության հարցերի դեպարտամենտին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի քարտուղարությանը»,- գրել է Թանդիլյանը։
Նա հավելել է, որ պահանջում են Ադրբեջանում ՄԱԿ-ի Մշտական համակարգողին հրատապ այցելել Բաքվում գտնվող հայ գերիներին և ներկա գտնվել նրանց նկատմամբ իրականացվող «դատավարություններին»։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։