Արցախցի Տիգրան Ուլուբաբյանը, որը ոստիկանների կողմից իբրև խոշտանգումների է ենթարկվել, իրավական պատասխանատվության կենթարկվի, եթե քննությամբ պարզվի նրա ցուցմունքի կեղծ լինելը, ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մտական հանձնաժողովի նիստում։
«Արձագանքել եմ անմիջապես, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում հարուցվել է ծառայողական քննություն, զուգահեռ՝ քննչական կոմիտեում այս դեպքի մասով կա քրեական վարույթ։ Այս երկու վարույթի շրջանակներում կտանք համապատասխան գնահատականներ»,- շեշտել է նա։
Ըստ նախարարի՝ եթե Ուլուբաբյանն իսկապես խոշտանգումների է ենթարկվել, ապա հիվանդանոցը և դատաբժշկական փորձաքննությունը պետք է իրավիճակի ավելի լուրջ նկարագրություն տային։ Նա նշել է, որ դատաբժշկական փորձագետը եզրակացրել է, որ «բուժհաստատությունում նշած ձախ ականջախեցու ու գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդեր ախտորոշումը հիմնավորված չէ զննության օբյեկտիվ տվյալներով, որի պատճառով որպես մարմնական վնասվածք չի ընդունվում և չի մեկնաբանվում»։
«Ըստ ենթադրյալ տուժողի՝ իրեն 8 հոգով ծեծի են ենթարկել։ Այս հարցի պատասխանը պետք է տա քննությունը։ Դատաբժշկական փորձաքննություն է տեղի ունեցել, երեկ ստացվել է եզրակացությունը»,- ասել է Սարգսյանը։
Նա ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազին և մի շարք այլ կառույցների առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի արձանագրման և բացահայտման մեխանիզմների վերանայման համար։ Միաժամանակ՝ նախարարը կոչ է արել դադարեցնել «պառակտիչ գործողությունները» հանրային տարածքում՝ անդրադառնալով Արցախի բնակիչներին ոստիկանական համակարգից պաշտպանելու կոչերին։
Մարտի 17-ին Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել արցախցի, 28-ամյա Ուլուբաբյանի նկատմամբ՝ հորդորելով ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Մարտի 18-ին քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բացահայտել Ուլուբաբյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, հեռացնել նրանց աշխատանքից և ձերբակալել։