Փաստաբան Ռոման Երիցյանը պատմել է Լոռու մարզի ոստիկանների կողմից արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ծեծի ենթարկելու գործով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հետ այսօր կայացած հանդիպման արդյունքների մասին։
Փաստաբանի խոսքով՝ Պողոսյանը հայտարարել է, որ գործը գտնվում է իր անմիջական հսկողության ներքո և վստահեցրել է, որ արդար ու օբյեկտիվ քննություն կիրականացվի։
«Այս առումով ես կասկած ունեմ հենց Քննչական կոմիտեի նախագահի առումով առ այն, որ մարդը կարծիք ունի, մեկ անձի ցուցմունքի հիման վրա ձերբակալման որոշում չի կայացվում և ձերբակալմանը պետք է նախորդի փորձաքննություն ու առերես հարցաքննություն։ Այս կարծիքը, ըստ իս, ճիշտ չէ։ Քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված մեկ ապացույցի արգելքը վերաբերում է դատապարտմանը, ոչ թե ձերբակալությանը»,- մանրամասնել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ ներկայումս առնվազն երկու ոստիկանի բերման ենթարկելու հիմքեր կան, որոնց մանրամասներն այսօր Ուլուբաբյանը հայտնել է Քննչական կոմիտեին։
«Առանձնազրույց է տեղի ունեցել Տիգրանի հետ, նրան վստահեցրել են, որ ամեն ինչ լինելու է օբյեկտիվության և արդարության սահմաններում»,- նշել է Երիցյանը։
Նա նաև հայտարարել է, որ գործի օբյեկտիվ և արդար քննություն չի տեսնում, քանի որ մինչ այժմ ոչ մի ոստիկան չի ձերբակալվել։
ՔԿ-ի շենքի մոտ ակցիա իրականացնողները որոշ ժամանակով փակել են հարակից փողոցը, որից հետո ակցիան ավարտվել է։ Փաստաբանը հայտնել է, որ ցուցարարները նախատեսում են վաղը ևս ակցիա իրականացնել ՔԿ-ի շենքի մոտ, որտեղ ժամը 16։00-ին տեղի է ունենալու ոստիկանների հարցաքննությունը։
Մարտի 17-ին Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել արցախցի, 28-ամյա Ուլուբաբյանի նկատմամբ՝ հորդորելով ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Մարտի 18-ին քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բացահայտել Ուլուբաբյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, հեռացնել նրանց աշխատանքից և ձերբակալել։
Մանրամասները՝ տեսանյութում։