Արցախցի 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու գործով արդարության հասնելն անհնար է, գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել, և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով»,- նշել է նա ֆեյսբուքյան գրառման մեջ։
Փաստաբանը մատնանշել է, որ Արցախի բնակչին խոշտանգող ոստիկաններից ոչ մեկի ինքնությունը չի պարզվել։ Ուլուբաբյանի ներկայացուցիչները պարզել են ոստիկաններից երկուսի ինքնությունը, սակայն քննիչը նրանցից այս տեղեկությունը դեռ չի ընդունել։
Փաստաբանի խոսքով՝ որևէ ոստիկանի համար փորձաքննություն չի նշանակվել՝ պարզելու, թե արդյոք արցախցու նկատմամբ խոշտանգումների հետքեր (ձեռքի վնասվածքներ և այլն) կա՞ն։ Ոչ մի ոստիկան չի հարցաքննվել։ Նա ընդգծել է, որ ոչ մի փաստաթուղթ կամ նյութ (տեսանյութեր, ոստիկանության կողմից 7-ժամյա բերման ենթարկելու մասին փաստաթղթեր) չեն առգրավվել։
«Դեպքին ականատես կամ դրա վերաբերյալ տեղեկություն ունեցող քաղաքացիները ևս չեն հարցաքննվել։ Հարցաքննվել է միայն Տիգրանը, այն էլ՝ ոչ թե խոշտանգումների, այլ Լոռու մարզային վարչության քննիչի մոտ։ Տիգրանի հագուստը, որի վրա ակնհայտորեն առկա են բռնության հետքեր, չի առգրավվել և փորձաքննության չի ենթարկվել»,- պարզաբանել է Երիցյանը։
Փաստաբանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քրեական գործը հարուցվել է բավականին ուշ, և միայն երեկ կեսօրին է տեղափոխվել համապատասխան քննչական մարմին։
«Վերոգրյալի համատեքստում շարունակում ենք լինել Տիգրանի կողքին նաև այսօր՝ սկսած ժամը 17։00-ից, Երևան քաղաքի Մամիկոնյանց 46/5 հասցեում»,- եզրափակել է Երիցյանը։
Մարտի 17-ին Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել արցախցի, 28-ամյա Ուլուբաբյանի նկատմամբ՝ հորդորելով ավազակության դեպքը վերցնել իր վրա։