Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել միջազգային գանգատներից կամ պահանջներից, հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ խոսքը նաև տասնյակ հազարավոր միավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի համար Ադրբեջանի հաշվարկած «վնասների» մասին է։
«Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով և այդ անօրինական որոշումն արդարացնելու փորձերով՝ Ադրբեջանն իր «դատավարություններով» այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» նյութական «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը»,- շեշտել է Թաթոյանը:
Նրա խոսքով՝ միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը։
Մարտի 13-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է և հայկական կողմը ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի ընդունման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը, որոնց համաձայնել է Հայաստանը։ Նա հաստատել էր, որ հարցը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Նույն օրը՝ մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։