Գլխավոր դատախազությունը ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանից պահանջում է 10 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց, 7 ընկերությունում մասնակցություններ, հայտնում է «Լուրեր»-ը։
Նրանից պահանջում են նաև օֆշորային երկու ընկերության ձեռքբերման արժեքը՝ 20 հազար դոլարի չափով։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Ենոքյանի խոսքով՝ այդ ընկերությունների իրական շահառուն հանդիսացել է Պողոսյանը, իսկ հիմնադիրները նրա հետ փոխկապակցված անձինք են։
Ընդհանուր առմամբ՝ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում են նաև 15 անշարժ, 2 շարժական գույք։ Պահանջվող գույքերի թվում է Մոնումենտի առանձնատունը։ Դատախազության պահանջների մեջ է նաև ապօրինի եկամուտների հաշվին ձեռք բերված անշարժ գույքերի վարձակալությունից ստացված եկամուտը՝ 191 մլն դրամի չափով։ Բացի դրանից, պահանջի մեջ ներառված է նաև փոխառությունից ծագող պահանջի իրավունք՝ 700 մլն դրամի չափով։
Պողոսյանն անցնում է քրեական գործով՝ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեջ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։