«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի (հայտնի է «Դոգ» մականունով) աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով թույլ չտալ նրան արտահանձնել Հայաստան, Armenia Today-ին հայտնել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամ Նանա Սարգսյանը։
Ակցիան տեղի է ունեցել այսօր ԱՄՆ-ում՝ Երևանի ժամանակով 20:00-ին կայանալիք Ղուկասյանի գործով դատական նիստի նախօրյակին։ Նրա խոսքով՝ ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ՝ կոչ անելով ազատ արձակել Ղուկասյանին և նամակ հանձնել դեսպանին։
«Նամակը հանձնվել է դեսպանատանը, որի պատասխանին սպասում ենք 5 աշխատանքային օրում։ Դեսպանին կամ աշխատակազմից որևէ մեկին չէին պահանջել դուրս գալ։ Ամեն ինչ հանգիստ է անցել, դեսպանատան աշխատակիցները, ոստիկաններն ընդհանրապես չեն խանգարել, նեղացրել ցուցարարներին»,- պատմել է Սարգսյանը։
Ինչպես հայտնել է Սարգսյանը, կուսակցության ներկայացուցիչ Անի Խուդավերդյանը տեղում հայտնել է, որ նրա արտահանձնումը բացառվում է, քանի որ երկքաղաքացիություն ունի։
«Հայաստան բերելը բացառվում է»,- հաստատել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ թեև իրեն որոշակիորեն հայտնի է գործի էությունը, սակայն չի կարող մանրամասները բացահայտել։
«Նա ԱՄՆ-ում ոչ մի օրենք չի խախտել, օրենքից դուրս ոչինչ չի արել։ Գուցե էմիգրացիոն խնդիր է, կլուծվի։ Հաշվի առնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենքներ է խստացրել, նաև չմոռանանք, որ այստեղից կարող են պետական մակարդակով բողոքներ գնալ ԱՄՆ, որն իր գործոնն ունենա»,- ասել է նա։
Մեկնաբանելով Ղուկասյանի հետ կապված ներկա վիճակը՝ Սարգսյանը հայտնել է, որ նա գտնվում է մեկուսացման մեջ, որտեղ ստուգվում են փաստաթղթերը, իսկ հետագա մանրամասները հայտնի կդառնան ժամը 20։00-ին։
Սարգսյանը նշել է, որ բողոքի ակցիային միացել են տարբեր մարզերի բնակիչներ՝ Արարատից, Գորիսից, Էջմիածնից, նաև՝ արցախցիներ։
Փետրվարի 27-ին ԴՕԿ կուսակցությունը հայտնել էր, որ 6 օր է, ինչ Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկացրել էին Ղուկասյանի հոսպիտալացման մասին։ Փետրվարի 28-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները բերման են ենթարկել Ղուկասյանին։
2023-ին ՀՀ քննչական կոմիտեն Ղուկասյանի և իր կուսակից Արտակ Գալստյանի նկատմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու և մասնակցության հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնել։ 2023-ի մայիսին Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ապրիլին նա դարձել էր մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափերով շորթման քրեական գործով։