Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։
Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Իրանի քաղաքացիների՝ տեսանյութը հրապարակած ՀԿ ղեկավարի նկատմամբ գործ հարուցելու մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։
«Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։
Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով)։
«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը հայտնել է, որ ձերբակալվածը արցախցի գիտնական, Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր Ղարիբ Բաբայանն է։
Հունվարի 31-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգողներն Իրանի քաղաքացիներ են։