Դատարանը կառավարությանն առընթեր Հատուկ ծրագրերի վարչության կենտրոնի նախկին պետ, գործարար Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձի շուրջ 750 հազար դոլար արժողությամբ 2 գույք և 190 հազար դոլար, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Ըստ գերատեսչության՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար դոլար):
Դատախազությունը հիշեցրել է, որ գույքերի առնչությամբ ուսումնասիրությունն սկսվել էր 2020 թվականին: Դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշումը թողել էր անփոփոխ, ասված է հայտարարության մեջ։