Հսկող դատախազի որոշմամբ՝ փոխվել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ «ծանրացնող հանգամանքներով խարդախության» մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ): Միաժամանակ, ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։
Մելիքյանը հավելել է, որ չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը։
Սարգսյանը ձերբակալվել էր մայիսի 25-ին։ Մայիսի 27-ին դատարանը 20 օրով կալանավորել էր նրան։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։
Հունիսի 13-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։
Հուլիսի 16-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի նախկին քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Հուլիսի 19-ին դատարանը Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն էր սահմանել՝ սահմանափակելով նրա տեղաշարժման և գործողությունների ազատությունը: