Հակակոռուպցիոն կոմիտեում տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին (ArmSat-1-խմբ․) առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Գերատեսչությունն այլ մանրամասներ չի հայտնել՝ հղում անելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածին։
Նշենք, որ 8-րդ հոդվածով տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։
Հոկտեմբերին «Հրապարակ» օրաթերթը գրել էր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից արված բացահայտումների մասին, ըստ որի՝ «ԲՏԱ նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում հայկական արբանյակը տիեզերք ուղարկելու ծրագրի համար 8 միլիոն դոլար են վատնել»։
Նոյեմբերի 12-ին Հայրապետյանը «մանիպուլացիա» էր որակել մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե «արբանյակի համար նախարարությունը բյուջեից գումարներ է մսխել»։
Նոյեմբեի 23-ին «Ազատությունը» գրել էր, որ վատնումների համատեքստում շրջանառվում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունը, քանի որ ծրագիրը մեկնարկել էր նրա՝ ԲՏԱ նախարար լինելու ժամանակ։
ArmSat-1-ը տիեզերք էր արձակվել 2022-ի մայիսին։ 2023-ի դեկտեմբերին տիեզերք էր արձակվել «Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակը։
Հոկտեմբերի 12-ին ԲՏԱ նախարարությունից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նախարարությունը և Starlink ընկերությունը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ընկերության արբանյակային ցանցի գործարկման շուրջ։