«Олейна» ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանը РБК-ին հայտնել է, որ ինքը Մոսկվայում է և բերման չի ենթարկվել:
«Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է, գրասենյակն աշխատում է, ամեն ինչ սովորականի պես է»,- Վանեցյանի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Վանեցյանի փաստաբանները ևս հայտարարել էին, որ նա գտնվում է ազատության մեջ, և տարածվող լուրերն այն մասին, որ վերջինս անազատության մեջ է, չեն համապատասխանում իրականությանը:
Հունվարի 29-ին ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մոսկվայում ձերբակալվել է «Exoil Group» հոլդինգի սեփականատեր, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին՝ Կարեն Վանեցյանը, ով Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում փողերի լվացման գործով: РБК-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածն իրեն գործազուրկ է անվանել։ Նրանց տեղեկություններով՝ նա ապրում է Լիպեցկի շրջանում։ Ըստ SHOT-ի՝ հունվարի 28-ի երեկոյան Մոսկվայի ոստիկանությունը Նովի Արբատում բերման էր ենթարկել Հայաստանի և Շվեյցարիայի 55-ամյա քաղաքացի Վանեցյանին։
2023 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Շվեյցարիայի և Հայաստանի քաղաքացի Վանեցյանի դեմ՝ փողերի լվացման հոդվածով։ Քննիչների տվյալներով՝ 2018 թվականին Վանեցյանը ձեռք է բերել և տնօրինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ 15,5 միլիոն դոլարով, որոնք փաստացի պատկանել են Վատիկանում ՀՀ նախկին դեսպանին։ Քննիչները կարծում են, որ բոլոր անօրինական գործարքների արդյունքում Վանեցյանն ստացել է 14,526 մլրդ դրամ (35 մլն դոլար)։ Դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։