Գործարար Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ, և տարածվող լուրերն այն մասին, որ վերջինս անազատության մեջ է՝ չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է նրա փաստաբանական խումբը՝ ի դեմս փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի, որոնք մեկնաբանել են Վանեցյանի ձերբակալության մասին մամուլում տարածված լուրերը:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Վանեցյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս չի եղել Հայաստանում, նախքան այդ երկար տևողությամբ ՀՀ-ում առհասարակ չի գտնվել, հետևաբար վերջինս մշտապես չի բնակվում ՀՀ-ում, զբաղվում է խոշոր ձեռնարկատիրական գործունեությամբ մի շարք երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում:
Փաստաբանները հավելում են, որ Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու «որոշումը» բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, հետևաբար օրինական ուժի մեջ չի մտել:
Հունվարի 29-ին ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մոսկվայում ձերբակալվել է «Exoil Group» հոլդինգի սեփականատեր, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին՝ Կարեն Վանեցյանը, ով Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում փողերի լվացման գործով: РБК-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածն իրեն գործազուրկ է անվանել։ Նրանց տեղեկություններով՝ նա ապրում է Լիպեցկի շրջանում։ Ըստ SHOT-ի՝ հունվարի 28-ի երեկոյան Մոսկվայի ոստիկանությունը Նովի Արբատում բերման է ենթարկել Հայաստանի և Շվեյցարիայի 55-ամյա քաղաքացի Վանեցյանին։
2023 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Շվեյցարիայի և Հայաստանի քաղաքացի Վանեցյանի դեմ՝ փողերի լվացման հոդվածով։ Քննիչների տվյալներով՝ 2018 թվականին Վանեցյանը ձեռք է բերել և տնօրինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ 15,5 միլիոն դոլարով, որոնք փաստացի պատկանել են Վատիկանում ՀՀ նախկին դեսպանին։ Քննիչները կարծում են, որ բոլոր անօրինական գործարքների արդյունքում Վանեցյանն ստացել է 14,526 մլրդ դրամ (35 մլն դոլար)։ Դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։