«Պատիվ ունեմ» խմբակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու Թագուհի Թովմասյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հրապարակման մեջ չի նշվում բողոքարկման ժամկետ։ Միևնույն ժամանակ, թերթը նշում է, որ ընդդիմադիրները վստահ են Թովմասյանի նկատմամբ «Քաղաքացիական պայմանագրի» գործողությունների անօրինականության մեջ։
Ըստ հրապարակման՝ փաստաբանների աշխատանքից հետո «Պատիվ ունեմ»-ը ստորագրությունների համար կդիմի «Հայաստան» դաշինքին, քանի որ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 26 պատգամավորի ստորագրություն։
Հուլիսի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Թովմասյանը զրկվել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի ղեկավարի լիազորություններից։ «Կողմ» էր քվեարկել 62, «դեմ»՝ մեկ պատգամավոր։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել էին ԱԺ-ում քննարկումն ու քվեարկությունը։
Հուլիսի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով Թովմասյանին ազատել խորհրդարանում զբաղեցրած պաշտոնից։ Պատգամավորները Սիմոնյանին ուղղված իրենց դիմումը բացատրել էին նրանով, որ Թովմասյանը մասնակցել է ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն ութին։
Ավելի ուշ Թովմասյանը հրաժարվել էր մասնակցել ԱԺ նիստին, որտեղ քննարկվելու է իր պաշտոնանկության հարցը։ Նա պատասխանել էր նաև «Քաղաքացիական պայմանագրի» մեղադրանքին, թե ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն ութին է մասնակցել։ Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, իսկ ինքը լինելով խմբակցության անդամ՝ բոյկոտել է ԱԺ խորհրդի նիստերը: «Այդ նիստերում ևս, ինչպես ԱԺ դահլիճում, ընդդիմությունն ունի քիչ, այս դեպքում՝ 3 ձայն, և որոշումների վրա ազդել չի կարող: Բայց, ի տարբերություն ԱԺ նիստերի դահլիճի, խորհրդի նիստերում նաև հայտարարություններ անելու հնարավորություն չկա, որ ընտրողների հետ հաղորդակից լինենք, դրա համար բոյկոտել ենք»,- պարզաբանել էր պատգամավորը:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների բողոքն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում խորհրդարանի նախագահը պետք է նշանակի հանձնաժողով, որը կքննարկի այն։ Երկու շաբաթ է տրվում քննարկման համար։ Թովմասյանին հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերը մամուլում շրջանառվել են մայիսին։ Թովմասյանը Մարդու իրավունքների հանձնաժողովը ղեկավարել է 2021 թվականի օգոստոսին։