Նախօրեին հակառակորդի կրակոցի և ՀՀ ԶՈՒ զինծառայողների փոխհրաձգության վերաբերյալ քրգործ է նախառնվել, հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի տարածքում հրազենային վիրավորումներ են ստացել մեկ պայմանագրային և մեկ ժամկետային զինծառայող, որոնց հետևանքով ժամկետային զինծառայողը՝ Հրաչյա Սարուխանյանը մահացել է։
ՔԿ-ում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում։
«Սկսված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ժամանակահատվածում կրակոցներ են արձակվել ինչպես հակառակորդի կողմից, այնպես էլ միաժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև»,-նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈւ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից: