«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արեւելյան մաքսատուն-վարչության ղեկավար Հայկ Միրզոյանին:
Այս տարվա հունվարի 25-ին ԱԱԾ-ն բացահայտել էր ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր: Նրանք տնտեսվարողների կողմից իրականացվող չարաշահումների դեմ քայլեր չեն ձեռնարկել և 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ը կալանավորվել է:
Բացահայտումն, ըստ ԶԼՄ-ի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետագա պաշտոնավարման հարցն էր առաջ բերել, սակայն դատելով իրավիճակից՝ նրան ժամանակ է տրվել, որպեսզի շտկի իրավիճակը: Նրա հեռացման հարցը փակվել է, քանի որ Բադասյանն անձամբ առնչություն չի ունեցել կոռուպցիոն այդ սխեմայի հետ: Չի բացառվում, որ նրան էլ առաջիկայում հարցաքննության հրավիրեն: