Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ապրիլի 26-ին «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարի կողմից վրաերթի ենթարկած Սոնա Մնացականյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով իրականացված քրեական վարույթի նյութերի էլեկտրոնային տարբերակն արդեն տուժող կողմին է տրամադրվել, քանի որ նախաքննությունն ավարտվել է, իսկ դրանք միայն ՃՈ վարորդի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվելու են դատարան: Նյութերի ուսումնասիրության այս պահին արդեն ակնհայտ է, որ նախաքննության ընթացքի վերաբերյալ նույնիսկ դատախազական ներգործության տարբեր ակտերում առկա եզրահանգումներն ինքնին պաշտոնեական հանցագործության վերաբերյալ մեղադրանքի դասական ձևակերպումներ են հանդիսանում։ Ինքս այս ուղղորդված նախաքննության մասին կխոսեմ առաջիկա օրերին, համապատասխան բողոքի տեքստն ավարտելուց հետո»,- գրել է փաստաբանը։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: