Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։ Գանգատը ՄԻԵԴ է ներկայացվել օգոստոսի 18-ին, հստակեցրել են կառույցում։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից նաև հայտնել են, որ ադրբեջանական կողմը հայկական կողմից պահանջում է տեղեկատվություն տրամադրել ձեռնարկված միջոցառումների մասին:
Նշվում է, որ սակայն օգոստոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի դիմումը և արձանագրեց, որ նոր միջանկյալ միջոցի կիրառման անհրաժեշտություն չկա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ խոսքը Բերձորի, Աղավնոյի և Սուսի մասին է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է համարում, իսկ Աղավնոյի համար պայքարելու են։
Կարդացեք նաև Armenia Today-ի հոդվածն այն մասին, թե ինչ է հայտնի Ստեփանակերտից նոր ճանապարհի կառուցման մասին, որը շրջանցնում է Բերձորը։