Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ։
Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Աշխատանքային խումբը կուսումնասիրի զինծառայողներ Տիգրան Սուրենի Օհանջանյանի, Լևոն Արսենի Թորոսյանի, Վալերիկ Ազատի Մուրադյանի, Արթուր Սումբատի Ղազարյանի, Արման Հովսեփի Մուրադյանի, Արսեն Արթուրի Մխիթարյանի, Անդրանի Արմենի Մկրտչյանի և Էմիր Գագիկի Մաթևոսյանի մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Հանձնաժողովի կազմում կլինեն ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Զարուհի Մեջլումյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Լալա Բեգոյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Պետիկ Մկրտչյանը: