Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անտուն մնացած բոլոր բնակիչները կապահովվեն կացարանով, կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
Ըստ նրա՝ շենքի որոշ բնակարաններում, նախնական գնահատմամբ, հնարավոր է բնակվել, բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր՝ դեռևս խուսափում են բնակություն հաստատել։
«ՏԿԵՆ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանի հետ կատարվել են աշխատանքներ քաղաքացիներին այս առումով աջակցություն ցուցաբերելու նպատակով, բոլոր քաղաքացիների համար նախատեսված են կացարաններ և անհրաժեշտ պարագաներ, մեծամասնությունը հրաժարվել է, բարեկամների տանն են բնակվել, երկու կին այս պահին հյուրատանն է բնակվում»,- նշել է Մկրտչյանը։
Հունիսի 11-ին Ճամբարակի շենքերից մեկում գազի պայթյուն էր տեղի ունեցել՝ փլուզումով: Զոհվել էր 5 մարդ, տուժել՝ 11-ը: Փլուզվել էին 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել էին կից մուտքի բնակարանները։
Տեղի ունեցած պայթյունի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն նախաձեռնել էր քրեական վարույթ։ Պատահարի հետևանքով 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ճամբարակի առողջության կենտրոն: