Արմավիր քաղաքում «սրտի կանգ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2-ամյա աղջիկ, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՆԳՆ-ն մայիսի 27-ին՝ ժամը 15։41-ին, ահազանգ է ստացել «Արմավիր» բժշկական կենտրոնից։ ԲԿ-ից հայտնել են, որ ժամը 12։22-ին շտապօգնության խումբը Սայաթ-Նովայի փողոցից իրենց մոտ է տեղափոխել երեխային:
«Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից էլ առավոտյան հայտնել են, որ ժամը 07։40-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է»,- պարզաբանեց Սարգսյանը։
Ըստ ՆԳՆ խոսնակի՝ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց, որ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում 1 անձ ճանաչվել է տուժող։
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշեց Ավդալյանը՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է։
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն այսօր ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ «Մուրացան» ԲԿ-ում 1,5 տարեկան երեխա է մահացել։ Երեխայի մահվան դեպքով քրեական գործ էր հարուցվել բուժաշխատողի մասնագիտական պարտականությունները չկատարելու հոդվածով։