Coca-Cola ընկերության հայաստանյան գրասենյակը ռումինական ընկերությունից սառնարաններ է գնել, սակայն բեռնատարի վարորդը բեռի հետ միասին տարանցիկ ճանապարհին անհետացել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ այս մասին իրավապահներին հայտնել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քոմփանի Արմենիա» ՓԲԸ իրավաբանական բաժնի տնօրեն, 40-ամյա Լուսինե Մ.-ն։
Frigoglass Romania Srl-ից 42,7 հազար եվրոյով գնված 72 սառնարան մարտի 14-ին Ռումինիայի պահեստում բեռնվել է Վրաստանում գրանցված Bene Group LLC ընկերությունում աշխատող վարորդի բեռնատարի մեջ:
Նույն օրը՝ ժամը 15:00-ին, 31-ամյա Միլոշ Դաբրովսկին սահմանը հատելու և մաքսազերծելու փոխարեն անհետացել է և դադարել է պատասխանել զանգերին։
Coca-Cola-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է, որ մարտի 22-ին տեղորոշման համակարգը հաստատել է, որ անհետացած սառնարաններից չորսը գտնվում է Սլովակիայում։ Սա նշանակում է, որ վարորդը խաբեությամբ տիրացել է նրանց՝ չարաշահելով վստահությունը, գրում է կայքը։
Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են համապատասխան փաստաթղթեր, հավելել է կայքը։