Մարտի 22-ին Էջմիածնում՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել, ինչի հետևանքով հրազենային վնասվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է, հայտնում է Shasmhyan.com-ը։
Ըստ կայքի՝ ոստիկանները պարզել են, որ մահացածն Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Արթուր Պարոնյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում։ Հիվանդանոցից ոստիկանները ժամանել են նշված գազալցակայան, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են կասկածյալի ինքնությունը․ նա Արմավիրի մարզում հայտնի ՃԱՊ մականվամբ 33-ամյա Կարեն Բադալյանն է, որին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։