Արարատի մարզի Երասխ գյուղի տներից մեկում տեղի ունեցած գազի բալոնի պայթյունի հետևանքով 3 անձ է տուժել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Գերատեսչությունը պատահարի մասին ահազանգն ստացել է ժամը 16:02-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Նշվում է, որ 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժել են տան բնակիչներ Է․ Ա․-ն (ծնված 2007 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1976 թ․) և Թ․ Խ․-ն (ծնված 1969 թ․)։ Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և դռները։