Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի՝ հեղեղից տուժած համայնքներն ու բնակավայրերը կհայտարարի աղետի գոտի, օպերատիվ շտաբի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ կառավարության որոշմամբ 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին հրատապ խնդիրները լուծելու համար։
«Քննարկվել է նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, զոհերի պատճառ դարձել։ Ավերվել էին կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել էին գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը:
Վարարել էին Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։
Ներքի գործերի նախարարությունը մայիսի 27-ին հրապարակել էր Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով զոհված 4 քաղաքացիների անունները։