Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների բոլոր աճյունները նույնականացված են և փաստաթղթավորված, այդ թվում՝ արտասահմանում նույնականացման ենթարկվածները: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ ոչ բոլոր նույնականացված աճյուններն են հողին հանձնվել, քանի որ ծնողները չեն տարել մասունքները:
«Նուրբ, բարդ թեմա է, որը երկար աշխատանք է պահանջում նրանց համոզելու, և ինչքան ժամանակը անցնում է, այնքան ավելի դժվարանում է այդ գործընթացը»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ն տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային, ապա նման դեպքեր չեն արձանագրվել:
«10 մարմնից 5-ի դեպքում ունենք հաստատված փորձաքննության արդյունքները, մյուսներինն էլ ընթացքի մեջ է և երբ ամբողջական պրոցեսն ավարտենք, ես կտեղեկացնեմ»,- ասաց նախարարը: