«Տաշիր» ընկերությունների խումբն ավարտում է Երևանի կրկեսի վերակառուցումը: Այն առաջիկայում Երևանում կբացի իր դռները նոր՝ «Տաշիր Արենա» անվան ներքո։ Նախագծի մեկնարկի վրա աշխատում է ավելի քան 150 արտիստների, ռեժիսորների և պրոդյուսերների միջազգային թիմ, որն այսօր ժամանել է Հայաստան՝ ավարտելու տարածաշրջանում նմանը չունեցող շոուի նախապատրաստումն ու ներկայացումը հանրությանը:
Գաղափարի ոգեշնչող, նախագծի համակարգող, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն Armenia Today-ի հետ զրույցում ընդգծել է, որ նախագիծն իրականացվել է ըստ պլանի և ժամանակացույցի:
«Մեր աշխատանքում ոչ մի «հետընթաց» չկա. մենք շարժվում ենք ըստ պլանի։ Հենց սկզբից համալիր կերպով մոտեցանք նախագծին՝ մտածելով յուրաքանչյուր դետալի մասին՝ տեխնիկական լուծումներից մինչև ստեղծագործական մտահղացում»,- ասել է նա։
Կարապետյանը նշել է, որ խոսքը տեխնիկապես բարդ օբյեկտի մասին է։ Նրա խոսքով՝ շոուի նախապատրաստական աշխատանքներն ու փորձերն ընթանում են արդեն մոտ երկու տարի։
«Սցենար, տարազներ, երաժշտություն. ամեն ինչ ստեղծվում է մեր գրաֆիկին համապատասխան։ Այո՛, պատահել է, որ որոշակի, այսպես ասած, հիմնավորված շտկումներ են կատարվել. միակ խնդիրը՝ մեր հանդիսատեսին տալ լավագույնը։ «Տաշիր Արենայի» բացումը նախատեսված է այս տարվա աշնանը, և երբ դռները բացվեն, հանդիսատեսն ինքը կտեսնի, թե ինչու էր մեզ համար կարևոր ամեն ինչ անել հենց այդպես»,- նշել է նա։
Կրկեսի նախագիծն իրականացվում է թատերական-կրկեսային շոուի ձևաչափով՝ արտասահմանյան արտիստների և տեխնիկական մասնագետների մասնակցությամբ։ Ինչպես հայտնել են ընկերությունում, բացումը նախատեսվում է մոտ ժամանակներս: Առաջիկա ներկայացման մանրամասները դեռ չեն հրապարակվում:
Միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցման ակտիվ աշխատանքները շարունակվել են շուրջ չորս տարի։ Ընկերության տվյալներով՝ նախագծում ներգրավվել են միջազգային փորձագետներ և արտիստներ՝ Եվրոպայի և ԱՊՀ խոշորագույն հարթակներում աշխատանքային փորձով։
Տաթևիկ Կարապետյանն օրերս տեսանյութ էր հրապարակել կրկեսի արտիստների փորձերի մասին և կիսվել հոր հետ նամակագրությունից, որտեղ վերջինս խնդրել է համակարգել նախագիծը գործարկման պահից: Մինչ «Տաշիր» ընկերությունների խումբը պատրաստվում է բացմանը, ՀՀ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերն» առգրավելու փորձերից և պետությունից ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո դատի է տալիս կրկեսը կառավարող ընկերությանը: Նպատակը նույնն է՝ հասնել շենքի և հարակից շինությունների պետականացմանը։
2006 թվականին հիմնադրված «Երևանի կրկես» ընկերությունը 2019 թվականի նոյեմբերից 76,5%-ով պատկանում է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին: «Տաշիր» ընկերությունների խումբը, որը գլխավորում է կալանավորված Սամվել Կարապետյանը, կրկեսի վերակառուցման մասին հայտարարել էր դեռևս 2011 թվականին: Ներդրումների ծավալը գնահատվել է մոտ 10 մլն դոլար։
Տարվա պրեմիերա. ինչո՞վ կզարմացնի հանդիսատեսին «Տաշիր Արենայում» նախատեսված նոր շոուն
Պրեմիերան կլինի ինքնատիպ ներկայացում, որն ստեղծվել է հատուկ հայ հանդիսատեսի համար և կոչված է բարձրացնելու դիտարժան շոուների մակարդակը երկրում: Նախապատրաստական աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի, այժմ ընթանում են եզրափակիչ փորձերը։
«Այս օբյեկտը խորհրդանշական է Հայաստանի համար և առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար։ Մենք ձգտում էինք ստեղծել մի տարածք, որտեղ ծնվում են զգացմունքները, ոգեշնչումը և ստեղծագործական մեծ գործընթացին պատկանելու զգացումը: Չնայած հարթակի միջազգային մասշտաբին՝ դրա ստեղծմանը մասնակցել են հայ մասնագետներ։ Սա կլինի ոչ միայն նոր բեմ, այլ համագործակցության, փորձի փոխանակման և տեղական տաղանդներին աջակցելու կենդանի հարթակ»,- պատմել է Տաթևիկ Կարապետյանը։
Ռեժիսոր Պավել Բրյունը, ով հայտնի է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում և Ռուսաստանում իր աշխատանքներով, MEDUSE պրոդյուսերական կենտրոնի հետ խոստանում է Երևանում ներկայացնել ժամանակակից թատերական և կրկեսային արվեստի լավագույն ձեռքբերումները:
«Առջևում եզրափակիչ փորձերն են և պրեմիերան, որը հայ հանդիսատեսի համար կդառնա վառ իրադարձություն և ուրախություն կպարգևի թե՛ երեխաներին, թե՛ մեծերին։ Այս նախագիծն ստեղծվել է հատուկ «Տաշիր Արենայի» համար և նմանը չունի ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ աշխարհում»,- նշել է Բրյունը։
Շոուն կմիավորի կրկեսը, թատրոնը, խորեոգրաֆիան, կենդանի երաժշտությունը, թվային տեխնոլոգիաները և հատուկ էֆեկտները՝ արտացոլելով նոր, դինամիկ և բաց նորարարություններում Հայաստանի կերպարը:
Նոր շոուի 150 մասնակիցների ժամանումը
Այսօր Երևան է ժամանել թատերական-կրկեսային ներկայացման ստեղծագործական միջազգային խումբը, որը մասնակցելու է Երևանի լեգենդար կրկեսի տարածքում կառուցված «Տաշիր Արենայի» պրեմիերային սեզոնի բացման խոշորածավալ հանդիսությանը:
Կրկեսային արտիստներ են ժամանել Իտալիայից, Ռուսաստանից, Մոնղոլիայից։ Նրանք հայտնել են, որ ծրագրին պատրաստվել են երկու տարի։
Կրկեսային շոուների ռեժիսոր-բեմադրիչ, արտ-տնօրեն, խորեոգրաֆ Պավել Բրյունի խոսքով՝ Երևանյան կրկեսի առաջին ներկայացումն անակնկալ կլինի հանդիսատեսի համար: Նա խոստացել է հանդիսատեսի հետ լինել շատ ազնիվ և անկեղծ։ Բրյունը մանրամասներ չի հայտնել ծրագրի մասին՝ նշելով, որ դա անակնկալ է։
«Այս պահին չեմ պատրաստվում այս հարցի շուրջ շատ պարզաբանումներ տալ, որովհետև գոնե մեկ բան պետք է անակնկալ պահենք՝ թե՛ ձեզ, թե՛ հանդիսատեսի, թե՛ լրագրողների և թե՛ ինձ համար»,- ասել է ռեժիսոր-բեմադրիչը։
Խոսելով հայկական կրկեսի մասին՝ նա նշել է, որ առաջին կրկեսային տպավորությունն ստացել է հենց այնտեղ, երբ հանդես էին գալիս ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը, կենդանավարժ Զավեն Մարտիրոսյանը։
Երաժշտությունը, որը հատուկ ստեղծվել է «Տաշիր Արենա» կրկեսի ներկայացման համար, ոգեշնչված է հայկական մշակութային ավանդույթներով, հայտնել է կոմպոզիտոր Վալերի Տոլստովը:
«Հայկական երաժշտական ավանույթները շատ հին, հետաքրքիր պատմություն ունեն, անշուշտ, մենք ոգեշնչվում ենք այդ աղբյուրից և մասամբ կիրառում»,- ասել է կոմպոզիտորը։
Տոլստովի խոսքով՝ երաժշտության ստեղծման վրա աշխատել են տաղանդավոր հեղինակներ, որի արդյունքում հնարավոր է դարձել ստեղծել եզակի արտադրանք: Բացի այդ, նոր շենքն ունի գերազանց ակուստիկա, և երաժշտությունը կհնչի այնպես, ինչպես նախատեսված էր:
«Դա ինձ շատ է ուրախացնում, քանի որ երաժշտությունը կհնչի ճիշտ ձևով»,- հավելել է Տոլստովը։
Իտալացի ծաղրածու Օնոֆրիո Կոլուչչին, ով անսպասելիորեն հանել է ծաղրածուի կարմիր քիթը և զվարճացրել լրագրողներին, նշել է, որ ծաղրածուի նպատակը մարդկանց մեջ երեխային արթնացնելն է։
«Իսկական ծաղրածուի նպատակը պետք է լինի արթնացնել այն երեխային, որը յուրաքանչյուրիս մեջ ապրում է, և աշխարհը տեսնել գլխիվայր»,- ասել է կրկեսային արտիստը։
Ակրոբատ Արսեն Հովսեփյանն առաջին անգամ է Հայաստանում ելույթ ունենալու և հույս է հայտնել, որ հայ հանդիսատեսին կուրախացնեն նոր ծրագրով։
Մոնղոլիայից ժամանած կոնտրոցիոնիստ Էնկնցեցեգ Լոդոյը վստահություն է հայտնել, որ ցուցադրելու են աշխարհի լավագույն շոուներից մեկը։ Նա շատ էր լսել Հայաստանի մասին և երազում էր այցելել։
Բեմադրող ռեժիսոր Վլադիմիր Վավիլովը հայտնել է, որ նախագծի մասին առաջին խոսակցությունը երկու տարի առաջ էր, այնուհետև մի տարի աշխատել են ծրագրի վրա։
«Հիմա այստեղ ենք, որ ձեզ զարմացնենք, ցույց տանք մեր աշխատանքը»,- ասել է նա։
Սնանկացումից մինչև միլիարդների ներդրում. կրկեսը՝ «Տաշիրի» վերահսկողության տակ
2006թ. փետրվարին կրկեսի շենքը և հարակից հողատարածքը պետական գույքի օտարման պայմանագրով հանձնվել էր 20 ֆիզիկական անձի՝ «Պետական կրկես» պետական ձեռնարկության աշխատակիցներին: Կրկեսի աշխատակիցները պարտավորվել էին 5 տարվա ընթացքում 650 մլն դրամ ներդնել շենքի հիմնանորոգման և կահավորման համար, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով նրանց չէր հաջողվել իրականացնել ներդրումային ծրագիրը։
2011 թվականին նրանց ստեղծած ընկերության բաժնետոմսերի մի մասը ձեռք էր բերել «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Հայաստանի խոշորագույն մասնավոր ներդրողներից մեկը, որը համակարգված կերպով աջակցում է սոցիալական, մշակութային և ենթակառուցվածքային նախաձեռնություններին: Խմբի գործունեությունը հանրապետությունում ընդգրկում է առանցքային ոլորտներ և զգալի ազդեցություն է ունենում երկրի տնտեսության և առօրյա կյանքի, մասնավորապես՝ էներգետիկայի, արդյունաբերության, շինարարության և քաղաքային ենթակառուցվածքների վրա:
«Չեմ հիշում, որ կրկեսի զարգացման համար պետությունը գոնե մի կոպեկ հատկացներ։ Շատ բարերարներ ցանկանում էին օգնել, վերանորոգել կրկեսի շենքը, բայց տեսնելով, որ բիզնեսի տեսանկյունից այդքան էլ ձեռնտու չէ, հրաժարվում էին»,- պատմել է «Երևանի կրկեսի» գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
Վերանորոգման աշխատանքների ժամանակ հետազոտությունը ցույց էր տվել, որ շենքի հիմքը և կրող կառուցվածքները գտնվում են այնպիսի վիճակում, որ դրանց ամրացումը չի ապահովի սեյսմակայունության անհրաժեշտ մակարդակ: Այդ պատճառով որոշում էր կայացվել ամբողջությամբ քանդել շենքը։
«Ավելի լավ է ընդհանրապես որևէ բան չանել, եթե անում ես՝ մարդավարի արա»,- այս գործընթացը մեկնաբանել է Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են այդքան երկար տևել վերանորոգման աշխատանքները:
Արդիականացման ճանապարհը. ինչպիսին կլինի նոր կրկեսը
2012 թվականի սեպտեմբերին հին շենքը քանդվել էր։ 2016 թվականի փետրվարին տրվել էր նոր կրկեսի կառուցման թույլտվություն՝ հսկայական չափերով և միջազգային չափանիշներին համապատասխան։ Շինարարության ընթացքը ձգձգվել էր արտաքին հանգամանքների պատճառով՝ սկզբում կորոնավիրուսի համավարակի, ապա Արցախյան պատերազմի, իսկ ավելի ուշ՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, որը փոխել էր լոգիստիկ շղթաները և հանգեցրել մատակարարման դժվարությունների։
«Մեծ աշխատանք է տարվում, որպեսզի վերջապես ունենանք աշխարհի լավագույն կրկեսներից մեկը»,- հավելել է «Երևանյան կրկեսի» գեղարվեստական ղեկավարը:
Նախատեսված 650 մլն դրամի փոխարեն արդեն 2022 թվականի փետրվարի 10-ին ներդրվել էր 6,2 մլրդ դրամ և ստեղծվել 30 աշխատատեղ։ Ներդրումների ընդհանուր ծավալն այժմ գերազանցել է 7 մլրդ դրամը՝ չհաշված շոու-ծրագրերի բեմադրության, արտիստների վարձատրության և ներկայացումների այլ ծախսերը։ Ավելացել է նաև աշխատակիցների թիվը։
«Վստահ եմ՝ «Տաշիր Գրուպի» շնորհիվ կկարողանանք այնպիսի բարդ ներկայացումներ բեմադրել, այնպիսի համարներ հրավիրել, որոնք, հավանաբար, ժամանակին պետությունը պարզապես չէր կարող մեզ ապահովել։ Մի քիչ սպասեք, և մենք կունենանք մեր լավ կրկեսը»,- եզրափակել է Պետրոսյանը։
Կրկեսի դեմ հայցերը. Կարապետյանի ևս մեկ ակտիվի պետականացման փորձի մասին
Մինչ «Տաշիրը» պատրաստվում է կրկեսի բացմանը, կառավարությունը դատի է տալիս կառավարող ընկերությանը՝ փորձելով շենքն ու հարակից շինությունները պետական սեփականություն դարձնել։ Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջել է դատարանի միջոցով առգրավել «Երևանի կրկես» ընկերության շենքը և այն ճանաչել պետական սեփականություն, տեղեկանում ենք Datalex.am դատական տեղեկատվական հարթակից։
2006 թվականին հիմնադրված «Երևանի կրկես» ընկերությունը 2019 թվականի նոյեմբերից 76,5%-ով պատկանում է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին: «Տաշիր» ընկերությունների խումբը, որի նախագահն է կալանավորված Սամվել Կարապետյանը, դեռևս 2011 թվականին հայտարարել էր կրկեսի վերակառուցման ծրագրի և շուրջ 10 մլն դոլարի ներդրումների մասին:
Պետգույքի կառավարման կոմիտեն պահանջում է պետական սեփականություն ճանաչել ոչ միայն Երևանի Ագաթանգեղոս 1 հասցեում գտնվող կրկեսի շենքը, այլև հարակից հողատարածքով օժանդակ շինությունը:
Կրկեսային արվեստը Հայաստանում. ավանդույթներ և ներկա իրողություններ
Կրկեսային արվեստը Հայաստանում հին արմատներ ունի: Դեռևս հին ժամանակներում Հայկական լեռնաշխարհի տարածքում ակրոբատների, հեծյալների և երաժիշտների մասնակցությամբ զանգվածային տեսարաններ էին անցկացվում։ Միջնադարում ժողովրդական տոնավաճառները շարունակել էին այս ավանդույթը՝ աճպարարների և փողոցային արտիստների կատարումներով:
19-րդ դարում, երբ Հայաստանը մտել էր Ռուսական կայսրության կազմի մեջ, արտիստներն սկսել էին ակտիվորեն հանդես գալ արտերկրում։ Ի հայտ էին եկել կրկեսային հայտնի տոհմերը՝ Սարաջյանները, Պարոնյանները, Տանթուրյանները, որոնք զգալի ներդրում են ունեցել այս արվեստի զարգացման գործում։
Խորհրդային շրջանը դարձել է ծաղկման շրջան. հայ կրկեսայինները, հատկապես՝ ծաղրածուները, մեծ ժողովրդականություն են ձեռք բերել ԽՍՀՄ-ում և նրա սահմաններից դուրս: 1930-ականներին Երևանում կառուցվել է առաջին կրկեսը, իսկ 1939 թվականին՝ նոր շենքը, որը բազմիցս վերակառուցվել է։
Անկախացումից հետո կրկեսային արվեստը Հայաստանում չի կորցրել արդիականությունը։ Երևանի ազգային կրկեսը շարունակում էր ժամանակակից շոուներ բեմադրել՝ համադրելով դասականն ու նորարարությունը: Նույնիսկ շենքի վերակառուցման տարիներին արվեստագետները շարունակում էին ելույթ ունենալ՝ շրջագայությունների, փողոցային ներկայացումների և մշակութային նախագծերի տեսքով: Այսօր նրանք պատրաստ են վերադառնալ «գմբեթի» տակ, որպեսզի շարունակեն սերնդեսերունդ փոխանցված գործը։