«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ, ըստ վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, վտանգ է ներկայացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ գործարարը միավորվել է մեկ այլ ինքնուրույն և ազդեցիկ ինստիտուտի՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ։ Այս մասին Հակոբյանն ասել է Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակներում։
«Իրենք ամենաշատը վախենում են այն կառույցներից, որոնք կարող են այլընտրանքային լինել՝ որպես գաղափարախոսներ, երկրորդը՝ ունենալ լուրջ կառույցներ և ամենավտանգավորն իրենց համար, թերևս, այն է, որ կարող են լինել ցանցային»,- մանրամասնել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները պայմանավորված են 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններով. Փաշինյանը և նրա թիմի այն հատվածը, որը դեռ քաղաքական իրատեսություն ունի, արդեն հասկացել են, որ կրկին ընտրվելն ընտրական մեխանիզմի միջոցով լուրջ խնդիր է։ Ըստ վերլուծաբանի՝ այս իշխանության համար վերարտադրությունն այլևս պարզապես քաղաքական նպատակ չէ, այլ՝ գոյաբանական հարց։
Հենց սա է, ըստ Հակոբյանի, պատճառը վարչապետի կերպարի և հռետորաբանության փոփոխությանը։
«10-12%-ն են, որոնք «խեղճ Նիկոլի» կերպարի կողմնակիցներն են։ Նոր կերպար է պետք։ Փաշինյանը ոչ իր իմիջը փոխեց՝ սափրվեց և այլն, այլև խոսույթը»,- հավելել է նա:
Քաղտեխնոլոգը բացատրել է, թե ինչո՞ւ է Փաշինյանն սկսել հրապարակել նույնիսկ հայհոյախառն բառապաշարով գրառումներ։ Նրա խոսքով՝ իշխանությունը կարծում է, որ հայ հասարակության համար կարևոր է, թե ինչ լեզու ես օգտագործում՝ խոսում ես համարձա՞կ, թե՞ խղճով։ Այդ պատճառով իշխանության ներկայացուցիչների կողմից օգտագործվող արտահայտությունները համահունչ են հասարակության մի մասի պատկերացումներին՝ «ուժեղ առաջնորդի» մասին։ Այդ իմաստով Փաշինյանը փորձում է ժամանակավորապես զբաղեցնել այն վակուումը, որն առաջացել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո։
Հակոբյանը նաև գնահատական է տվել խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներին։ Նա նշել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմը դիտարկում է իմփիչմենթի գործընթացն ավելի շուտ որպես հնարավոր թրիգեր՝ գործարկման ազդակ։ Նրա խոսքով՝ հանրապետականները դա առաջարկում են անել ոչ թե որպես արդյունավետ գործիք, այլ որպես մարտավարական քայլ։
«Այսինքն՝ հավաքում ես, ինչքան որ հավաքում ես ու ասում ես, թե ով է քո թեկնածուն, բայց դեռևս գործընթացի սկիզբ չես տալիս, իմփիչմենթը կախում որպես սպառնալիք այն հույսով, որ կարող է իրավիճակ փոխվել»,- ասել է նա։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում