Ազգային ժողովն ընդունել է Երևանում ուղևորության համար չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագիծը:
Ըստ այդմ՝ քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն՝ հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում, իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ ամսական վճարով միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3 հազար դրամ տուգանք։
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են վերաբերվում այս փոփոխությանը, արդյոք այն արդարացվա՞ծ է և կաշխատի՞։
Հարցված քաղաքացիների մեծամասնությունն ասել է, որ դեմ է իշխանության նոր որոշմանը, իսկ ոմանք էլ հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունը, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։
«Պետք է սկզբից իրենք իրենց բարեփոխումը վերանայեն, քանի որ ես ինքս քարտով են վճարում, և ոչ մի անգամ ինձ կտրոն չի տրամադրում: Ես ո՞նց եմ ապացուցելու, որ վճարել եմ։ Աբսուրդի հասնող նորամուծութոյուններ են մտցնում։ Ինչո՞վ են մտածել։ Ճիշտ է՝ ավտոբուսները որոշակի ժամանակին են գալիս, մաքուր են, բայց միևնույնն է՝ լիքն են լինում ավտոբուսները, և աբսուրդ թիվ է, որտեղից են 15․000 դրամը վերցրել։ Մարդիկ այդքան աշխատավարձ չեն ստանում»,- ասել է հարցված քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ տղամարդ էլ, որ կրկին դեմ է տուգանքի որոշմանը, հավելել է, որ ամեն օր ամեն ինչ դեպի վատն է գնում, որևէ բարեփոխում չի նկատում. «Ուզում են, որ այս քաղաքում ընդհանրապես երևի մարդ չապրի: Ավելի շատ հավանական է, որ կենտրոնի ժողովուրդը, որ ինտելեկտով մի քիչ բարձր է, ուզում են վտարեն այստեղից»,- նշել է նա։
Քաղաքացիների մի մասն էլ դժգոհել է ավտոբուսների վալիդատորներից, որոնք, ըստ նրանց, չեն գործում: Երևանի բնակիչները պնդել են, որ վալիդատորները երբեմն նույնիսկ մի քանի անգամ են գումար գանձում իրենց բանկային քարտից։
Հարցման մասնակիցներից ոմանք կողմ են չվճարող քաղաքացիներին տուգանելու որոշմանը։
«Ավելի շատ պետք է տուգանեն, ինչո՞ւ ես պետք է վճարեմ, իսկ մյուսը՝ ոչ։ Թանկացումը պետք է լիներ։ Ընդամենը 50 դրամ է թանկացել, ի՞նչ կա դրա մեջ։ Գոհ եմ»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Հարցման մի ուրիշ մասնակից կարծում է, որ տուգանքը ճիշտ մոտեցում է, նկատում է նաև տրանսպորտի բարեփոխում. «Ինչո՞ւ չվճարել, ամեն ինչ արժեք ունի, եթե օգտվում ես, պետք է վճարես։ Եվ կան բազմազան փաթեթներ, որից կարելի է օգտվել»։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում