Հետխորհրդային տարածքի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հասնելու հնարավորություններն այն բանից հետո, երբ կողմերը հայտարարել են, որ համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։
Փորձագետը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը «շատ հեռավոր առաջխաղացում» է անվանել։
«Դա կարող է հանգեցնել ինչ-որ ստորագրման, բայց ոչ այս տարի և դժվար՝ հաջորդ տարի»,- ընդգծել է Կրիվոշեևը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է «շատ հեռավոր հեռանկարին»։
Կրիվոշեևը մանրամասնել է, որ Սահմանադրության փոփոխությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված Բաքվի պայմանների կատարումը Հայաստանի կողմից «արագ տեղի չի ունենա»։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել այս տարվա վերջին։ Սահմանադրությունը շատ բարդ խնդիր է, քանի որ այն զգայուն է հենց Հայաստանի համար»,- կարծում է փորձագետը։
Միևնույն ժամանակ՝ նա հնարավոր է համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մի օր կստորագրվի խաղաղության պայմանագիր՝ նշված նախնական պայմանների կատարման դեպքում և Բաքվի կողմից հնարավոր նոր պայմանների ի հայտ գալու պայմաններում։ Փորձագետը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից տարեսկզբին հնչեցրած պահանջը՝ չեղարկել Հայաստանին զենք մատակարարելու պայմանագրերը և վերադարձնել արդեն մատակարարված զենքը։
«Նա (Ալիևը -խմբ.) կարող է մոռանալ այս մասին, կամ կարող է հիշեցնել»,- նշել է Կրիվոշեևը։
Փորձագետը նաև մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։
«Տեսնում ենք, որ կողմերն այժմ գտնվում են այնպիսի վիճակում, երբ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը վատ հարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ, բայց դա կարող է փոխվել»,- եզրափակել է հետխորհրդային տարածքի մասնագետը։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։ Նա նաև կրկնել էր Ադրբեջանի պահանջները Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Միաժամանակ, մարտի 16-ից Ադրբեջանը սկսել էր պարբերաբար հաղորդել հայկական կողմից իբր արձակված կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այս բոլոր լուրերը։