Բաքուն խախտում է իրավական ընթացակարգի բոլոր սկզբունքները՝ հայ բանտարկյալների դատավարությունները ռազմական տրիբունալի փակ դռների հետևում անցկացնելով։ Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է միջազգային քրեական իրավունքի փորձագետ, Բուենոս Այրեսի Գերագույն քրեական դատարանի նախկին զեկուցող Իրեն Վիկտորիա Մասմինոն։
Փորձագետն այս ոլորտում ԱՄՆ առաջատար հասարակական կազմակերպության՝ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի համահիմնադիրն ու համանախագահն է։ Նա ակտիվորեն աշխատում է ներքին և միջազգային հակամարտությունների, մարդու իրավունքների խախտումների և մարդկության դեմ հանցագործությունների ոլորտներում՝ ուսումնասիրելով Կոլումբիայի, Արգենտինայի, Չիլիի, Գվատեմալայի, Իրաքի, Ուկրաինայի, Հայաստանի, Արցախի և Սոմալիլենդի փորձը:
«Նույնիսկ մերժում չենք ստացել»
Մասիմինոն այն փաստաբանների թվում է, ովքեր դիմել էին Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ այցելել Բաքու և մասնակցել հայ բանտարկյալների դատավարություններին։ Ուղևորության նպատակն էր դիտարկել բեմականացված դատավարության ընթացքը, հավաքել անհրաժեշտ ապացույցները և միջազգային մեխանիզմներ կիրառել՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։
«Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հարցում է ուղարկել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն՝ պահանջելով թույլ տալ անկախ փաստաբաններին ժամանել Բաքու, սակայն պատասխան չեն ստացել։
«Սպասելի էր, նույնիսկ մերժում չենք ստացել։ Ոչ մի պատասխան, նույնիսկ հարցումն ստանալու մասին հաստատում»,- ասել է Մասիմինոն:
Չնայած դրան, դիտորդական առաքելություն ստեղծելու ջանքերն անհրաժեշտ են Ադրբեջանում հայ գերիներին պաշտպանելու հետագա գործողությունների համար, վստահ է Մասիմինոն։
Այսպիսով՝ միջազգային իրավապաշտպանները հաստատում են ստացել, որ Բաքուն անտեսում է դատավարությանը մասնակցելու միջազգային դիտորդների խնդրանքներն ու փորձերը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա միջազգային դատարաններում պնդել, թե դատավարությունն իբր բաց է ընթանում։ Իրավաբանական թիմը, ի դեմս Մասիմինոյի, նախատեսում է նաև բողոքներ ներկայացնել միջազգային մարմիններին՝ դրանք հիմնավորելով Բաքվի անօրինական գործողությունների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներով:
«Բռնապետություններում իրավունքներ չկան»
Մասիմինոն Բաքվում կատարվողն անվանել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, ինչպես նաև բազմաթիվ տարածաշրջանային փաստաթղթերի, այդ թվում՝ եվրոպական կանոնակարգերի կոպիտ խախտում: Նրա խոսքով՝ միջազգային փորձագետները չեն կարող պատշաճ վերահսկել դատավարությունները, քանի որ նիստերն անցկացվում են դռնփակ, և հայտարարվում են դրանց միայն որոշ ժամկետներ։
Մասիմինոն նաև կասկածում է, որ դատավարությունների ժամանակ հայ բանտարկյալներին ներկայացնող տեղական նշանակված փաստաբանները կկարողանան համապատասխան իրավական պաշտպանություն ապահովել: Փորձագետը խոստովանել է, որ ադրբեջանական ավտորիտար իշխանության պայմաններում իրենք ավելի շուտ կգործեն Բաքվի շահերից ելնելով՝ նույնիսկ իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարելու մեծ ցանկության դեպքում։
«Բռնապետություններում իրավունքներ չկան. կան միայն այնպիսիք, որոնք բռնապետը նպատակահարմար է գտնում շնորհել և, սովորաբար, դրանք չկան»,- բացատրել է նա:
Խնդիրն արդարացիորեն լուծելու համար, Մասիմինոյի խոսքով, միջազգային ներկայությունն անհրաժեշտ է ոչ միայն Բաքվի դատական նիստերին, այլև այլ ատյաններում հարակից դատավարություններին։ Նա խնդիրը տեսնում է նրանում, որ Ադրբեջանը ճնշում չի զգում, և նման անպատժելիությունը նրա հետագա քայլերն ավելի ագրեսիվ են դարձնում։
«Անգործությունը ծայրահեղ հիասթափեցնող է»
Փաստաբանը վստահեցրել է, որ աշխարհի շատ երկրներում օտարերկրյա իրավաբանները հայ մասնագետների հետ միասին շարունակում են աշխատել հայ գերիների ազատ արձակման հնարավոր լուծումների վրա՝ չնայած միջազգային հանրության անգործությանը։
«Մեզ՝ որպես իրավաբանների, այս [անգործությունը] չափազանց հիասթափեցնում է։ Մեզ հասանելի միջազգային մեխանիզմներն անարդյունավետ են։ Չափազանց դժվար է որևէ պատասխան ստանալ։ Գործընթացը նույնպես աներևակայելի դանդաղ է ընթանում, ինչը մեծ մտահոգություն է, երբ խոսքը վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված մարդկանց: Ես կարիք չունեմ բացատրելու, թե ինչ է նշանակում կյանքդ անցկացնել Բաքվի բանտում։ Այդ ամենը ողբերգական է, և թողնում է անզորության խորը զգացում»,- կիսվել է Մասիմինոն:
Նա հայ գերիների ազատ արձակման ևս մեկ կարևոր քայլ է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների ներգրավումը՝ դատավորների և փաստաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցող, Կամայական կալանքի աշխատանքային խումբ և խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցող: Նա մեջբերել է ազատ արձակված հայ ռազմագերիների ցուցմունքները և հայտարարել, որ Բաքվի բանտերում խոշտանգումներ են կիրառվում, ուստի ՄԱԿ-ի ներգրավվածությունը կարող է արագացնել խնդրի լուծումը, թեև կազմակերպությունը չունի հարկադրման մեխանիզմներ։
Մեկ այլ հարթակ, որը պետք է կապել խնդրին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն է, որտեղ կարելի է շփվել տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ։ Մասիմինոն կոչ է արել գնահատել Արդարադատության միջազգային դատարանի (ՄԴԴ) մեխանիզմները, որն արդեն քննարկում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ ռասայական խտրականության չեզոքացման Կոնվենցիայի բոլոր ձևերի խախտման մասին։
Միաժամանակ, քաղաքական դրդապատճառներով Արցախի նախկին ղեկավարության ազատազրկման հարցը կարող է բարձրացվել Երևանի կողմից ինչպես ՄՔԴ-ում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Չնայած այս հնարավորություններին, իրավապաշտպանը հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանություններն անտեսել են Լաչինի միջանցքի բացման և շրջափակման վերացման հետ կապված դատարանի նախկին որոշումները։
«Ադրբեջանը գիտի, որ միջազգային հանրությունը վճռական քայլեր չի ձեռնարկի իր դեմ և շարունակում է գործել անպատժելիորեն»,- եզրափակել է Մասիմինոն՝ կրկնելով խնդրի լուծման վճռական մոտեցման կարևորությունը։
Ինչո՞ւմ են մեղադրվում Բաքվում գտնվող հայ գերիները
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «գործով» հաջորդ նիստում Վարդանյանն ասել է, որ հացադուլի պատճառով իրեն վատ է զգում, որից հետո դատավորը բուժզննման համար ընդմիջում էր հայտարարել։
Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ։
Փետրվարի 21-ին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) առաջարկել էր մոնիթորինգային խումբ ուղարկել Բաքու՝ հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ տեղի ունեցող ապօրինի դատավարությունը դիտարկելու նպատակով։