Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի՝ փորձում է ստեղծել իր Սփյուռքը, որը կկատարի իր հրահանգները, Armenia Today-ին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը։
Փետրվարի 12-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Սփյուռքում ձևավորվել են խմբեր, ովքեր ցանկանում են խոսել «Իրական Հայաստանի» մասին։
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ շեշտել է, որ Սփյուռքը միշտ Հայաստանի կողքին է, հանդիսացել է Հայաստանի անպաշտոն դիվանագիտությունը բոլոր իշխանութունների ժամանակ։
«Դերերը բաժանված էին։ Երբ Սփյուռքը պաշտպանում էր Հայաստանն ու Արցախը, նաև Ցեղասպանության ճանաչման գաղափարը, սա լրացուցիչ քաղաքականություն էր Հայաստանի իշխանությունների հետ, բայց երբեք ՀՀ իշխանությունները չեն փորձել իրենց ենթակա Սփյուռքը կազմել»,- ասել է Փափազյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի այս մտադրությունը կձախողվի, քանի որ Սփյուռքը կազմակերպված է։
«Փաշինյանը թող վստահ լինի, որ կձախողի, որովհետև չի կարող կազմել մակերեսային Սփյուռք, Սփյուռքն արդեն կազմակերպված է, 100 տարի է՝ գործում է, ունի իր կուսակցութունները, իր համայնքային կազմակերպությունները, որ փաստել են իրենց կարողականությունը, փաստել են, որ զորավիգ են կանգնելու Հայաստանին, Արցախին ու Հայ դատին։ Հիմա Փաշինյանը փորձում է քանդել այս ամենը»,- շեշտել է նա։
ՀՅԴ Բյուրոյի անդամի խոսքով՝ իրենք դիմադրում են, որովհետև ունեն հատուկ առաքելություն և կշարունակեն պայքարն ի նպաստ հայկական կողմի։
Մեկնաբանելով Ցեղասպանության և Արցախի հիմնախնդիրների առաջմղման հետագա աշխատանքները՝ այս հարցերում Հայաստանի իշխանությունների դիրքորոշման փոփոխության համատեքստում, Փափազյանն ընդգծել է պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունը։
Փափազյանը նշել է, որ Ալիևի ռեժիմն իրականացրել է արցախահայության Ցեղասպանություն և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի։
ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ իրենք արդեն իսկ նախաձեռնություններ են իրականացրել այս ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ բանակցություններում ամուր դիրքեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է ճնշում գործադրել այն պետությունների վրա, որոնց հետ քննարկումներ են ընթանում։ Մինչդեռ Հայաստանի վարչապետը, զիջումների գնալով Արցախի և Ցեղասպանության հարցում, գործում է հակառակ ուղղությամբ, քանի որ չի ցանկանում հաղթել բանակցություններում։
«Բանակցությունների ժամանակ ուժեղ լինելու համար պետք է ճնշման ենթարկել այն պետություններին, որոնց հետ բանակցում ես։ Ինքը բոլորովին հակառակն է անում, որովհետև չի ուզում շահել բանակցությունների ընթացքում։ Ինքն ուզում է զիջել։ Մենք ասում ենք, որ բանկացությունները կարող են փոխզիջման արդյունք լինել, եթե ուզում ենք դրական արդյունք ունենալ»,- շեշտել է քաղաքական գործիչը։
Միաժամանակ, ՀՅԴ ներկայացուցիչը հավելել է, որ կուսակցությունն ունի «կարմիր գծեր», որոնք երբեք չեն կարող փոխզիջման առարկա դառնալ։
Մեկնաբանելով Ֆրանսիայում հնարավոր իշխանափոխությունը և դրա ազդեցությունը Փարիզի և Երևանի հարաբերությունների վրա՝ Փափազյանն ընդգծել է, որ Ֆրանսիան դաշնակից և բարեկամ երկիր է Հայաստանի համար։
«Այսօր Ֆրանսիայում հայկական հարցը միակն է, որ միաձայնությամբ են մոտենում բոլոր քաղաքական ուժերը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դա երկրի հայ համայնքի աշխատանքի արդյունքն է։
Մանրամասները՝ տեսանյութում։