Հայաստանի կառավարությունը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ում ունեցած իր 20% բաժնետոմսերը վաճառելու իրավունք կունենա, որոշման նախագիծը գործադիրն ընդունել է օգոստոսի 7-ի նիստում։
Վարչապետի աշխատակազմին իր իսկ ներկայացրած նախագծով թույլատրվում է Հայաստանի կառավարության անունից «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության («ՄՏՍ Հայաստանը» ձեռք բերած ընկերություն-AT ) հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր: Նշենք, որ օպցիոնը պայմանագրի տեսակ է, որը կողմերից մեկին ապագայում որոշակի պայմաններով որևէ բան գնելու կամ վաճառելու իրավունք է տալիս։ Այսինքն` ըստ այդ պայմանագրի՝ կառավարությունն իրավունք կստանա ցանկության դեպքում վաճառել ընկերությանը այդ 20% բաժնետոմսերը։
Եթե կառավարությունն օգտվի այդ հնարավորությունից, ապա ընկերությունը պարտավորվում է վճարել 50 մլն ԱՄՆ դոլար բաժնետոմսերը գնելու համար։ Արդարադատության և Ֆինանսների նախարարությունները նախագծի ամփոփաթերթում իրենց մտահոգություններն են հայտնել նախագծի արդյունավետության և սահմանված 50 մլն ԱՄՆ դոլար արժեքի առնչությամբ։
«Հիմնավորումից հնարավոր չէ գնահատել ներկայացված նախագծի արդյունավետությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության, կարգավորման նպատակի, բնույթը և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված առաջարկությունների հիմնավորվածությունը լիարժեք ձևով գնահատելու համար»,- նշել են Արդարադատության նախարարությունից։
Ֆինանսների նախարարությունից հավելել են, որ «Վիվա Արմենիա» ընկերության բաժնետոմսերի անկախ գնահատում չի իրականացվել, և 50 մլն դոլարի արժեքը լրացուցիչ հիմնավորվածության կարիք ունի։
«Փաստացի, պետական բաժնեմասի վաճառքը պետք է տեղի ունենա ոչ թե նախապես որոշված արժեքով, այլ իրական արժեքով՝ գործարքի իրականացման պահին։ Եթե բաժնետոմսերը նվիրատվությամբ ստանալիս ՀՀ կառավարությունը դրանք կայուն գնով վաճառելու համաձայնություն չի տվել, ապա ներկայացված օպցիոն համաձայնագրով առաջարկվող կարգավորումները կարող են հակասել գործող օրենսդրությանը»,- հավելել է ֆինանսների նախարարը:
Հայաստանի կառավարությունը 2024 թվականի փետրվարի 29-ին որոշել էր որպես նվիրատվություն ընդունել «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» ընկերության 20% բաժնետոմսերը։ Այդ բաժնետոմսերի կառավարումն այժմ իրականացնում է վարչապետի աշխատակազմը։ Ընկերությունում նշել էին, որ «Վիվա-ՄՏՍ»-ը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել։ Նոր բաժնետերը՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդը», կիպրոսյան ընկերություն է։ Օգոստոսի 7-ին հրապարակված նախագծից տեղեկանում ենք, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն է առաջարկել ՀՀ կառավարությանը կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր 20% բաժնետոմսերի վերաբերյալ։