Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը լուրջ հարված է Հնդկաստանի արտահանմանը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հնդկաստանի արտահանման կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Սուբհաշ Չանդեր Ռալհանին։ ԱՄՆ-ի այս քայլը անմիջականորեն կազդի ամերիկյան շուկա Հնդկաստանի մատակարարումների կեսից ավելիի վրա, հավելել է նա:
«Այս քայլը մեծ հարված է Հնդկաստանի արտահանմանը, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԱՄՆ շուկա մեր մատակարարումների գրեթե 55%-ի վրա», – ասել է ֆեդերացիայի նախագահը։
Նա նշել է, որ արտահանման շատ պատվերներ արդեն իսկ կասեցվել են, քանի որ գնորդները վերանայում են մատակարարման վերաբերյալ որոշումները՝ հաշվի առնելով առաքման ավելի բարձր ծախսերը։
ԱՄՆ վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ սահմանել է լրացուցիչ 25% մաքսատուրք՝ կապված ռուսական նավթի գնման հետ։ Հնդկական ապրանքների վրա 25% մաքսատուրք սահմանելու ԱՄՆ-ի նախկին որոշման հետ մեկտեղ հարավասիական հանրապետության համար մաքսատուրքը այժմ կկազմի 50%։