«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հաստատված համապատասխան իրավական ակտերի հիման վրա ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների կազմում իրականացրել է մի շարք կադրային փոփոխություններ, հայտնել են ընկերության հանրային կապերի բաժնից։
Նա ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակել Լևոն Օհանեսյանին (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ)։ Գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը (պետական կառավարման համակարգի ֆինանսական և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ), ասված է հրապարակման մեջ։
Գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել Դավիթ Սարգսյանը (պետական կառավարման համակարգի և անվտանգային ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ), իսկ իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ):
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 18-ին Պետրոսյանին նշանակել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Նա հուլիսի 21-ին ՀԷՑ ժամանակավոր կառավարչի կարգավիճակում ժամանել էր ընկերություն, հայտարարել, որ իր ժամանակավոր կառավարման տակ անցած ընկերությունում նախատեսվում են թոփ մենեջմենթում աուդիտ և կադրային հնարավոր փոփոխություններ։ Նույն օրը պաշտոնից ազատել էր ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանին: Վերջինս դիմել է դատարան` իրեն ազատելու հրամանն անվավեր ճանաչելու և պաշտոնավարման վերականգնման պահանջով։
Հուլիսի 23-ին հայտնել էինք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը՝ ՀԷՑ ընկերության պետականացման հարցով։ ՀՀ կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Կարդացեք նաև՝