Այսօր ԵՄ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը կներառի ռուսական նավթի գնի զգալիորեն նվազեցում, ինչպես նաև մի շարք ֆինանսական և առևտրային նոր սահմանափակումներ, հայտնել է Euractiv-ը։
«Մենք կշարունակենք բարձրացնել գները, ուստի ագրեսիայի դադարեցումը կլինի Մոսկվայի համար առաջ շարժվելու միակ ճանապարհը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
ԵՄ-ն այժմ պետք է ավարտին հասցնի պատժամիջոցների հաստատումն ավելի բարձր մակարդակով, որից հետո սահմանափակումների ցանկը կհրապարակվի ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում։
ԵՄ դեսպանների կողմից հաստատված փաթեթի հիմնական տարրը նավթի գնագոյացման նոր դինամիկ մեխանիզմն է, որը կսահմանի երրորդ երկրներին մատակարարվող ռուսական նավթի գինը միջին շուկայական գնից 15%-ով ցածր մակարդակի վրա։ Սա նշանակում է գնի իջեցում 60 դոլարից մինչև մոտ 47,60 դոլար մեկ բարելի համար։ Գինը կվերանայվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ շուկայում տեղի ունեցող փոփոխությունները հաշվի առնելու համար։
Հուլիսի 17-ին Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ բանակցություններից հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ Բրատիսլավան կաջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթին։