ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է լրացուցիչ 10% մաքսատուրք սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք միանում են BRICS դաշինքի «հակաամերիկյան քաղաքականությանը»: Այս մասին նա նշել է Truth Social-ում իր գրառման մեջ:
Թրամփը չի բացատրել, թե ինչ նկատի ունի ասելով «համամերիկյան քաղաքականություն», միայն շեշտել է, որ մաքսատուրքի կիրառումից բացառություններ չեն լինելու: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնը մոտ է մի շարք առևտրային պայմանագրերի ավարտական փուլին և մինչև հուլիսի 9-ը մյուս երկրներին կծանուցի բարձրացված մաքսատուրքերի մասին։ Նոր դրույքաչափերը կսկսեն գործել օգոստոսի 1-ից։
Թրամփը հայտնել է, որ երկուշաբթի՝ ժամը 12։00-ին, ԱՄՆ-ն կսկսի ուղարկել մաքսատուրքերի վերաբերյալ ծանուցումներ։
BRICS-ը ձևավորվել է 2009 թվականին, սկզբնական կազմում ընդգրկվել են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը, ապա նրանց միացել է Հարավային Աֆրիկան։ 2024-ին դաշինքն ընդլայնվել է՝ ընդգրկելով Եգիպտոսը, Եթովպիան, Ինդոնեզիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
ԱՄՆ-ն աշխարհի երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար կիրառվել էր 10 տոկոս մաքսատուրք։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը պարզաբանել էր, որ դա կհանգեցնի հայկական ապրանքների գների բարձրացմանն ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Չինաստանն ԱՄՆ-ին պատասխանել էր 34 տոկոս հայելային մաքսատուրքերով։