Ռուսաստանի կառավարության հաշվարկներով՝ ռուս-հայկական ապրանքաշրջանառությունը 2024թ. կրճատվել է 2 միլիարդ դոլարով, այս տարվա սկզբից՝ արդեն 3 միլիարդով, իսկ տարվա արդյունքներով կորուստները կարող են հասնել 6 միլիարդ դոլարի, «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Եվրամիության հետ Հայաստանի հնարավոր մերձեցման վերաբերյալ քննարկումներն «արդեն ունեն բացասական տնտեսական ազդեցություն Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»։ Օվերչուկը հավելել է, որ նախազգուշացրել է հայ գործընկերներին՝ բացատրելով, որ «ռուս ձեռնարկատերերն սկսում են ավելի զգուշավոր վերաբերվել Հայաստանի հետ բիզնես վարելուն»։
«Տարվա արդյունքներով՝ ընդհանուր անկումը, ակնհայտ է, կկազմի 6 միլիարդ դոլար։ Երկրի համար, որի ՀՆԱ-ն շուրջ 26 միլիարդ է, սա շատ տեսանելի ցուցանիշ է։ Եվ սա դեռ միայն ռուսական բիզնեսի արձագանքն է՝ կապված ԵՄ-ի հետ մերձեցման մասին հայկական քննարկումների հետ»,- ասել է Օվերչուկը։
Նա հիշեցրել է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը՝ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն «անհամատեղելի են» և, միաժամանակ, «երկու միության մեջ գտնվել հնարավոր չէ»։
«Բրյուսելը Երևանին թույլ չի տա նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,- հավելել է է փոխվարչապետը։
Այժմ Հայաստանը, նրա խոսքով, պարզեցրել է ԵԱՏՄ-ից դուրս բերվող սննդամթերքի համապատասխանության փաստաթղթերի ձևակերպման կարգը։
«Այս, թվում է, աննկատ որոշման պատճառով Ռուսաստանն ստիպված կլինի գնահատել իր շուկայի համար սպառնալիքները»,- նշել է Օվերչուկը։
Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։
Օվերչուկը հունիսի 20-ին մտահոգություն էր հայտնել, որ ՀՀ-ի մերձեցումը ԵՄ-ի հետ կհանգեցնի Ռուսաստան ուղիղ չվերթերի փակմանը (2022 թվականին Բրյուսելը փակել էր ԵՄ երկինքը ռուսական ավիաընկերությունների համար-AT)։