Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու մտադրության մասին։ Նա այդ մասին գրել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո. Կարապետյանը, ում նկատմամբ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու արշավը քննադատելուց հետո ուժայինները գործողություններ են սկսել, ավելի ուշ՝ նախքան ոստիկանություն տեղափոխվելը, հայտարարել էր, որ «շարունակելու է եկեղեցու, ժողովրդի կողքին լինել և թքած ունի ցանկացած ՀԷՑ-երի վրա»։
«Այսինքն՝ այս մարդիկ ՀԷՑ-ն իրենցը չեն էլ համարել, և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետև եթե ՀԷՑ-ն իրենցը չէ, ո՞ւմն է, ուրեմն՝ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետև ամբողջ ժողովուրդը կա՛մ ՀԷՑ-ի սպառող է, կա՛մ աշխատակից։ Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի (պետականացվի)»,- եզրակացրել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ՀԷՑ-ի «ազգայնացման գործընթացը տեղի կունենա արագ»։
«Իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,- հավելել է նա։
Ավելի ուշ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մեկ ամիս առաջ գործադիրի անդամներին ՀԷՑ-ի հետ կապված հանձնարարական է տվել, քանի որ մարզերում ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներ է արձանագրել։
«Մարզային այցերի ժամանակ զարմանքով ու զայրույթով արձանագրեցի, որ, ըստ էության, ՀԷՑ-ը Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Հիմա վերլուծությունը հիմք է տալիս մտածելու առնվազն այն մասին, որ այդ ամենն արվում է ՀՀ ներքին դաշտում հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Բայց ես տվել էի հանձնարարական, ըստ որի՝ մեկ ամսում կա՛մ պետք է ժողովրդին հասրցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ ներդրվեն, կամ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի»,- հավելել է վարչապետը։
Նա հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծ է ներկայացրել ԱԺ։
«ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար եկեղեցին ընդամենը ծխածածկույթ է»– եզրափակել է Փաշինյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հրապարակելով Կարապետյանի նկարները, հարցադրումներ է արել։
«Ուզում եմ հասկանալ՝ Կարապետյանի քանի՞ յուղաներկով նկար կա Էջմիածնում և ի՞նչ տրամաբանությամբ են դրանք զետեղվում սրբապատկերների կողքին, ավելի բա՞րձր են կախված, քան Հիսուսի, Մարիամ Աստվածածնի նկարները, թե՞ նույն գծով և արդյոք որոշ եկեղեցականներ կողքով անցնելիս դրանք համբուրո՞ւմ են կամ խաչակնքվո՞ւմ դրանց առջև»,- գրել է Սիմոնյանը։
2015-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր էին ստորագրել ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ Կողմերի պայմանավորվածությամբ «Տաշիր» ընկերությունների խումբն ամբողջությամբ իր վրա էր վերցրել ՀԷՑ-ի կառավարման պարտականությունը:
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Armenia Today-ի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քննչական գործողություններից հետո Սամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտե: ՔԿ-ից մեր հարցմանը դեռ չեն արձագանքել։
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանն արձագանքել է ՀԷՑ-ի բաժնետոմսերն ստանալու իշխանությունների ծրագրերի մասին լուրերին
ՀԷՑ-ի ղեկավարությունը պատմել է Երևանի էներգոհամակարգում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին
Սամվել Կարապետյանը խոսել է Երևանի կենտրոնում էլցանցի նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին