Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման խախտումների թվի աճով:
Կառույցը հաղորդագրության մեջ նշել է, որ 2025 թվականին արձանագրվել է Հայաստանից կտրած ծաղիկների ներմուծման կտրուկ աճ, սակայն, բեռների հոսքի ավելացման ֆոնին՝ նկատվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճ։
«Այլ բուսական արտադրանքներում ևս բազմիցս հայտնաբերվել են կարանտինային օբյեկտներ, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի վերահսկման համակարգի անարդյունավետության մասին։ Կարանտինային օբյեկտների համակարգային հայտնաբերման փաստերի կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» լուրջ մտահոգություն է հայտնում։ Ռուսաստանի տարածքում կարանտինային ֆիտոսանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով նամակ է ուղարկվել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով ձեռնարկել սպառիչ միջոցներ և խստացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ»,- նշել է կառույցը։
«Ռոսսելխոզնադզորը» շեշտել է, որ եթե համապատասխան արձագանք չտրվի, և կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շարունակվեն, ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ սահմանել երրորդ երկրներից Ռուսաստանի տարածք ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ ուղեկցվող հայկական ֆիտոսանիտար վկայականներով։